Հայաստանում թմրամոլների թիվը, ցավոք, վերջին տարիներին աճում է։ Ամենավատն այն է, որ դրա ճիրաններում հայտնվում են հիմնականում երիտասարդները։ Թմրանյութ հայթայթելու միջոցներն ու ձևերը օր օրի կատարելագործվում են։ Մի շարք դեղատների աշխատակիցներ մեզ հետ զրույցում փաստեցին, որ ամենասպառվողը «Կաֆետինն» է։ «Դրանց ձեռը կրակն ենք ընկել, թռցնում են»,- ծիծաղելով ասաց նրանցից մեկը` նկատի ունենալով թմրամոլներին։ Նշենք, որ այդ դեղը պարունակում է թմրանյութի որոշակի «դոզա»։ Նրանք պատմեցին, թե այնպես է ստացվել, որ «Կաֆետինն» իր հիմնական նպատակին «չի հասցնում» ծառայել, այն է` հիվանդության բուժմանը։ Իրականում այդ դեղը դառնում է թմրամոլների արագ սպառման «զոհը»։
Ի դեպ, որոշ ժամանակ առաջ «զոհի» կարգավիճակում էին հայտնվել նաև աչքի համար նախատեսված կաթիլները, որոնք օգտագործվում են արդեն համապատասխան «դոզան» ընդունելուց հետո, որպեսզի արտաքուստ չնկատվի վերջինս որպես թմրանյութ օգտագործելու փաստ։ Հաշվի առնելով սա, այսօր դեղատներն այդ կաթիլները վաճառում են միայն բժշկի դուրս գրած դեղատոմսով։
Հավելենք, որ, պահանջարկից ելնելով, «Կաֆետինի» նախնական գինը, որը 600 դրամ էր, հիմա թռիչքաձև աճել է` 2860 դրամ։ Սակայն սա, ինչպես հավաստում են դեղատան աշխատակիցները, չի խանգարում դրա մշտական գնորդներին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ